
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։
Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։
Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության` օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։
Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման։
Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։