Մաս 2
Փյունիկիա հնագույն պետությունը գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին: Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը: Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Ենթադրվում է, որ նրանք հասել են նույնիսկ մինչև Բրիտանական կղզիներ:
Փյունիկեցիները մեծ դեր են ունեցել եվրոպացիներին Արևելքի երկրների բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու գործում: Գիտնականները կարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին:
Հին հույներից շատ շատերն են հեռավոր ճանապարհորդություններ կատարել: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է: Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորությունների, արհեստների մասին: Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին:
Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակություն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան:
Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծապես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշավանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա:
Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի հետ:
Հեռավոր ժամանակներում մարդիկ փորձում էին Երկիրը պատկերել գծագրերի տեսքով: Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում:
Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «ճանապարհային» քարտեզներ: Մեզ են հասել նաև այո ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները: