
Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։
Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։