Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը, Մաս 2

Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մաս 1

1.Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Ճանապարհորդություններ վաղ անցյալում. Մաս 2

Մաս 2

Փյունիկիա հնագույն պետությունը գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին: Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը: Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Են­թադրվում է, որ նրանք հասել են նույնիսկ մինչև Բրիտանական կղզիներ:
Փյունիկեցիները մեծ դեր են ունեցել  եվրոպացիներին Արևելքի երկրների բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու գործում: Գիտնականները կարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին:

Հին հույներից շատ շատերն են հեռավոր ճանապարհորդություններ կատարել: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է: Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորու­թյունների, արհեստների մասին: Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին:
Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակու­թյուն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան:
Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծա­պես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշա­վանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա:
Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի հետ:
Հեռավոր ժամանակներում մար­դիկ փորձում էին Երկիրը պատ­կերել գծագրերի տեսքով: Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում:
Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «ճանապարհային» քարտեզներ: Մեզ են հասել նաև այո ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները:

Ճանապարհորդություններ վաղ անցյալում

Մաս 1

Շրջակա բնության մասին գիտելիքները միշտ էլ անհրաժեշտ են եղել մարդուն: Դեռևս հնագույն ժամանակներից մարդը ուսումնասիրել է իր շրջապատը՝  սնունդ հայթայթելու համար: Սննդի համար նոր տա­րածքներ որոնելով, ռազմական արշավանքներ կազմակերպելով և առև­տուր անելով՝ մարդը նոր գիտելիքներ էր կուտակում Երկրի մասին:

Մի քանի հազար տարի առաջ մարդիկ սովորեցին պատրաստել թիավարվող նավեր և առագաստանավեր, որոնց շնորհիվ նրանք կարողացան հայտնագործել նոր երկրներ և ուսումնասիրել դրանք:
Վաղ անցյալում բազմաթիվ ճա­նապարհորդություններ են իրակա­նացրել եգիպտացիները, շումերնե­րը, հույները, հռոմեացիները, բաբելոնացիները, փյունիկեցիները, ուրարտացիները:
Հին Եգիպտոսը մարդկային մշակույթի հնագույն օջախներից մեկն է: Եգիպտոսը հարավից և արևմուտքից շրջափակված էր դժվար անանցանելի անապատներով, իսկ հյուսիսում Միջերկրական ծովն էր ողողում նրա ափերը: Հազարավոր տարիներ առաջ եգիպտացիները կարողացել են հաղթահարել այդ արգելքները, իրենց երկրից բացի նրանք ծանոթ էին նաև Երկրի բազմաթիվ այլ շրջանների: Ծովային մշտական կապ էր հաստատվել Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի միջև: Լիբանանից, օրինակ, Եգիպտոսը ներկրում էր իրեն անհրաժեշտ ամբողջ փայտանյութը: Կարմիր ծովի ափերին գտնվող երկրներից Եգիպտոսը ծովային ուղիներով ձեռք էր բերում ոսկի, արծաթ, հոտավետ խեժեր: Մեզ հասած տեղեկություններից պարզվում է, որ եգիպտացիները խիզախ նավարկություններ են կատարել ոչ միայն Միջերկրական ու Կարմիր ծովերում:
Քրիստոսից առաջ 597-594 թվականներին Նեխո 2-րդ փարավոնի կազմակերպած արշավախումբը շրջանցեց Աֆրիկան: Նրանք նավար­կության դուրս եկան Կարմիր ծովից, առաջին անգամ մուտք գործեցին հարավային կիսագունդ, ապա Ջիբրալթարի նեղուցով ու Միջերկրական ծովով նորից վերադարձան Եգիպտոս:
Միջագետքը նույնպես համարվում է մարդկային մշակույթի ամենահին օջախներից մեկը: Միջագետքում են ձևավորվել Բաբելոն և Ասորեստան հնագույն պետությունները: Բաբելա-ասուրական վաճա­ռականները այցելում էին ոչ միայն Եգիպտոս, այլև Հայաստան, Պարսկաստան, անգամ Հնդկաստան: Նրանք իրենց երկրով հոսող Տիգրիս և Եփրատ
գետերով, ապա բաց ծովով կատարում էին հեռավոր ճամփորդություններ: Առևտուրը հեռավոր երկրների հետ նպաստել է աշխարհագրական գիտելիքների կուտակմանը և զարգացմանը։

Տեղանքի հետազոտում. Կողմնորոշում

Եթե  Երկրին տիեզերքից  նայենք, չենք կարողանա  հասկանալ,  թե որն  է  վերևը,  որը՝  ներքևը, որն  է աջը,  որը՝  ձախը:  Ուրեմն ինչպե՞ս բացատրես,  թե  ինչը  որտեղ  է: Դրա  համար  Երկրի  պատկերները ծածկել  են  ուղղահայաց  և  հորիզոնական  գծերի  երևակայական  մի  ցանցով,  որն  ասես  մասերի է  բաժանում Երկրի մակերևույթը:  Այդ  գծերն  անվանել են  միջօրեականներ և զուգահեռականներ: Դրանց  ծայրերին տառեր և  թվեր  են  գրել,  որոնք  հեշտացնում են մեզ հետաքրքրող  վայրը գտնելը:

Պայմանական  նշաններ
Քարտեզների  վրա  դժվար  է ամեն  ինչ  տեղավորել:  Որպեսզի քարտեզը  տեղեկություն  տա  հատկանիշների  մասին, դրանք   պատկերում են  պայմանական  նշաններով:  Ասենք՝  անտառներ,  լեռներ,  հանքեր  և   այլն:  Յուրաքանչյուր  քարտեզի անկյունում   նշված  է,  թե  որ նշանն  ինչ  է  ցույց  տալիս:
Քարտեզի  վրա  պայմանական  նշաններից բացի  նշում  են  մասշտաբը  և  հորիզոնի  կողմերը:  Եթե  դեմքով  կանգնեք  դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի   քարտեզի  աջ  կողմում,  արևմուտքը՝  ձախում,  հյուսիսը՝  վերևում,  իսկ  հարավը՝  ներքևում:

Լույս և ձայն

Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով:  Մեզ  շրջապատող առարկաները, նրանց ձևն ու  չափը  տեսնում ենք լույսի  շնորհիվ:  Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

                     Ձայն
Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր  կոկորդի ձայնալարերը:
Ձայները  մարդկանց և  կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք  խոսելիս ձեռքը դնել  կոկորդին և  կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու  արագություն  ունի: Բայց ձայնի արագությունը շատ  ավելի փոքր  է,  քան լույսինը: Ամպրոպի  ժամանակ երևի   նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի  ձայնը: Իրականում որոտն ու  կայծակը միաժամանակ  են  առաջանում,  բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր  աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:
Հարցեր և  առաջադրանքներ
1.Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր:  Թվարկել  տեսակները:
2. Ի՞նչն  են  անվանում  ձայն:
3.Ի՞նչն  են  անվանում  արձագանք:

Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ  հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը՝  100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումներ, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Առաջադրանք․

1. Քանոնով չափիր համակարգչի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր:

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Երկրի օդային հագուստը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:  Երկիր մոլորակի անգին հարստություններից մեկն էլ օդն է:  Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը,  կոչվում է մթնոլորտ: Օդը  մի քանի գազերի խառնուրդ է: Շնչելիս մենք օդից վերցնում ենք թթվածին  գազը  և   արտաշնչում ածխաթթու գազ: Օդն անգույն  է. թափանցիկ,  անհամ և անհոտ, և մենք այն չենք տեսնում: Բայց բավական է քամի փչի, որ իսկույն զգանք օդի ուժը: Չէ՞  որ քամին օդն է՝ շարժման մեջ:
Քամին թույլ չի տալիս, որ մեծ քաղաքների կեղտոտ օդը տեղում մնա: Եթե քամի չլիներ, ամպերը կմնային ծովերի և  օվկիանոսների վրա կուտակված, և ցամաքի վրա անձրև չէր տեղա:
Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին: Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ: Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ  հիվանդության պատճառ դառնալ:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
  4. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք: